Այս երկու շաբաթվա ընթացքում ստացա բավականին շատ լավ հիշողություններ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ծրագրին ՝ որպես համակարգչային դասերի ուսուցիչ: Ուրախ եմ, որ ես ու իմ գործընկեր Գրիշան կարողացանք հետաքրքրություն առաջացնել մի քանի երեխայի մոտ համակարգչային մասնագիտությունների ու անգլերենի նկատմամբ։ Ճամբարի ընթացքում ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ՝ Շվանիձորից, Ախպրաձորից, Մաքենիսից, Սփյուռքից։
Առաջի շաբաթը Շվանիձորում էինք, որը մի շատ գեղեցիկ գյուղ է Իրանի սահմանի մոտ: Ես առաջի անգամ էի Մեղրիի կողմերը ու հենց այնտեղ հասկացա, որ մեր Հայրենիքը իրականում շատ մեծ ու բազմազան երկիր է։ Երկրորդ շաբաթը դասընթացները Ախպրաձորի դպրոցում էին։ Ի տարբերություն Շվանիձորի, այնտեղ մենք ապրել ենք ոչ թե դպրոցում, այլ հյուրընկալ ընտանիքներում։ Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց, որովհետև հենց դրա շնորհիվ մենք կարողացանք ավելի լավ ծանոթանալ գյուղի բնակիչների ու գյուղի կյանքի հետ։ Շատ տպավորված եմ երկու գյուղերի բնակչությամբ, մանավանդ երեխաներով, իրանց գիտելիքներ ստանալու ձգտումով։ Երեխաների լավատեսությունը, ամեն ինչի մեջ լավ ու բարին տեսնելու ունակությունը փոխանցվում էր մեզ ու մեզ էլ ամեն ինչ թվում էր հեշտ ու իրականանալի։ Գտնվելով այդ գողտրիկ գյուղերում կարծես 2 շաբաթով կտրվել էինք աշխարհի պրոբլեմներից։ Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ էր, չնայած գտնվում էինք սահմանամերձ գյուղերում։ Շատ կուզենայի հետագայում ևս մասնակցել այս ծրագրին և կցանկանայի, որ ծրագիրն ընդգրկեր նոր գյուղեր։ Ցանկությունս է ծանոթանալ և այլ գյուղերի բնակիչների և կենցաղի հետ։
0 Comments
Leave a Reply. |
Archives
April 2024
Categories |