Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Julieta's reflection.Ես Ջուլիետան եմ, սովորում եմ հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնում: Ծնվել եմ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում, այն տեղակայված է Արաքս գետի ձախ ափին: Գյուղը հայտնի է իր պատմամշակութային կոթողներով, յուրահատուկ բնաշխարհով, ինչպես նաև արևահամ մրգերով: Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։
Բնակչության առօրյան ավելի հտաքրքիր դարձնելու համար գյուղում հաճախ են իրականացվում տարբեր ծրագրեր, որոնցից մեկը՝ Թաքնված ճանապարհ նախաձեռնության կողմից կազմակերպված ճամբարն էր, որը իր բնույթով էապես տարբերվում էր Հայաստանում կազմակերպվող մյուս ճամբարներից: Այն մեծ, շատ մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության, հատկապես, երեխաների շրջանում: Շվանիձորում կազմակերպված ճամբարի <<համբավը>> տարածվել էր ողջ տարածաշրջանով և երեխաներ էին հաճախում նույնիսկ հարակից գյուղերից և քաղաքներից: Երբ արձակուրդներին գտնվում էի իմ ծննդավայրում, ճամբարին մասնակցելու առաջարկ ստացա և մեծ սիրով համաձայնեցի: Ուրախությանս չափ ու սահման չկար, որ գյուղը գտնվելով այդքան հեռու մոռացության չի մատնվել, որ կան մարդիկ ովքեր պատրաստ են անշահախնդիր ձևով օգնել բնակչությանը, նրանց ինչ-որ կերպ կտրելով առօրյա հոգսերից: Արդեն երկրորդ տարին էր, որ մասնակցում էի. այս անգամ արդեն որպես ուսուցիչ: Այդ իսկ պատճառով այս ամառն ինձ համար իրոք տարբերվող էր: Մասնակցելով իմ հայրենի գյուղում իրականացվող ճամբարին. աշխատում էի առողջապահության դասարանում: Ճամբարին մասնակցելը ինձ համար հնարավորություն էր ինքնադրսևորվելու, ինչպես նաև այն շատ ուսուցողական էր, լի դրական պահերով: Երեխաների հետ շփվելը,նրանց որևէ բան սովորեցնելը հնարավորություն տվեց ինքս ինձ ավելի լավ ճանաչելու և ինչու չէ գյուղին ինչ-որ կերպ պիտանի լինելու: Առողջապահության դասին քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անձնական հիգիենան, առողջ սնունդը, ինֆորմացիայի հավաստիության ստուգումը, ինչպես նաև երեխաների հետ պատրաստեցինք մանրադիտակներ, որոնց միջոցով ուսումնասիրեցինք տարբեր միջատների: Երեխաներն այնպիսի ոգևորվածությամբ էին հաճախում, որ նույնիսկ մոռացնել էին տալիս ամռան անտանելի շոգը: Այնքան հաճելի և տպավորիչ է լսել նրանց, տեսնել, թե ինչպես են միմյանց հետ համագործակցում ու կարծիքներ փոխանակում: Չեմ կարող չնշել, թե որքան հաճելի էր ծանոթանալ և համագործակցել ճամբարի մյուս ուսուցիչների հետ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել և շփվել այդքան հոգատար, բարեխիղճ և դրական մարդկանց հետ: Բոլորից շատ շնորհակալ եմ իմ և համագյուղացիներիս ամառը գունեղ և բովանդակալից դարձնելու համար:
1 Comment
Բարև բոլորին հարգելի Ջուլիետա ես համամիտ եմ ձեր կարծիքի հետ եվ ցանկանում եմ իմ շնորհակալական խոսքն ասել նախևառաջ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԹԱՔՆՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ:
Reply
Leave a Reply. |
Archives
April 2024
Categories |