|
Ուզում եմ կիսվել իմ անկեղծ ու ջերմ տպավորություններով այս տարվա ճամբարից, որովհետև այն ինձ համար շատ կարևոր ու հիշարժան փորձառություն դարձավ։ Սա իմ առաջին անգամն էր, որ ներկայանում էի որպես ուսուցիչ՝ երեխաների առջև, և պետք է ասեմ, որ այդ պատասխանատվությունն իսկապես պարտավորեցնող էր։ Զգում էի, որ սա անսահման մեծ հնարավորություն է՝ կիսվելու իմ գիտելիքներով ու ստանալու այն ամենը, ինչ միայն երեխաները կարող են նվիրել՝ իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ ու անսպառ էներգիայով։ Որպես թատրոնի խմբի ուսուցիչ ես դասերը անցկացնում էի մեծ ոգևորությամբ։ Ամեն հանդիպում ինձ համար դառնում էր մի փոքրիկ բեմադրություն՝ լի ստեղծագործականությամբ ու ոգեշնչումով։ Ես հիացած էի տեսնելով, թե որքան տաղանդավոր են երեխաները, ինչպիսի անկաշկանդությամբ ու խիզախությամբ էին նրանք հանդես գալիս իմպրովիզի ընթացքում։ Նրանք կարողանում էին մեկ ակնթարթում մտնել նոր կերպարի մեջ, ստեղծել յուրահատուկ իրավիճակներ ու ժպիտ պարգևել բոլորին։ Նրանց աչքերի փայլը, պատրաստակամությունը և խաղի հանդեպ սերը ամեն դասը վերածում էին իսկական փոքրիկ տոնի։ Բայց ամենակարևորը՝ ես զգում էի այն անսահման սերը, ջերմությունն ու հավատը, որ երեխաները փոխանցում էին ինձ։ Յուրաքանչյուր ժպիտ, ամեն անկեղծ խոսք ու հայացք ինձ լցնում էին այնպիսի ուժով, որ հոգնածությունն անգամ չէր զգացվում։ Ես վերադարձա տուն լիովին նոր էներգիայով ու երջանիկ՝ գիտակցելով, որ ուսուցիչ լինելը միայն գիտելիք փոխանցել չէ․ դա հոգու կապ է, փոխադարձ սեր ու հարգանք, որը մնում է երկար տարիներ։ Ես անչափ շնորհակալ եմ այս հնարավորության համար, քանի որ այն ինձ պարգևեց հզոր զգացմունքներ, անջնջելի հիշողություններ և մի ջերմություն, որը դեռ երկար կուղեկցի ինձ։ Աննա Թումանյան
0 Comments
Leave a Reply. |
Archives
October 2025
Categories |
RSS Feed