|
Հիշում եմ այն օրը, երբ էլեկտրոնային նամակ ստացա այն մասին, որ <<Թաքնված ճանապարհ>> նախաձեռնությունը փնտրում է կամավոր ուսուցիչների՝ ամառային ճամբարում դասավանդելու համար։ Առաջին ջերմ տպավորությունը թողեց հենց անունը՝ <<Թաքնված ճանապարհ>>։ Սկսեցի ուսումնասիրել սոցցանցերի էջերը։ Տեսնելով բազմաթիվ խոսուն նկարներ ու հրապարակումներ՝ հասկացա, որ այս թաքնված ճանապարհը տանում էր դեպի այն երեխաները, ովքեր իրենց բնակավայրերի հեռավորության պատճառով ամեն ինչից կտրված են, չունեն դրսևորվելու մեծ հնարավորություններ։ Առանց երկար մտածելու դիմեցի և հայտնվեցի աշխարհի ամենախենթ, ամենաուրախ, ամենասիրառատ ճամբարում։ Հենց առաջին օրը ճամբարի տնօրենը մեզ ասաց, որ միշտ հիշենք․ այս երեխաները գալիս են առաջին հերթին ուրախանալու, և մենք պետք է անենք հնարավոր ու անհնար ամեն բան, որ երեխաները երջանիկ լինեն։ Ամբողջ թիմով առաջինից մինչև վերջին վայրկյանը հավատարիմ մնացինք մեր խոստմանը։ Ինչ խենթություն ասես, որ չարեցինք։ Ճամբարի ամեն մի օրն այնքան հագեցած էր ու հետաքրքիր, որ կարծես հինգ օրվա փոխարեն հինգ տարի ապրեցինք իրար հետ։ Այս ճամբարը շատերի համար գուցե միակ հնարավորությունն էր տարվա մեջ լիարժեք երջանիկ զգալու և իմաստալից օրեր ապրելու։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հեռավոր համայնքներում ապրում են իսկական ադամանդներ, պարզապես պետք է նրանց տեսնել ու բացահայտել։ Մենք գտանք թաքնված ճանապարհը դեպի նրանց սրտերը, իսկ նրանք էլ իրենց անփոխարինելի տեղը զբաղեցրին մեր հոգում։ Անի Գյադուկյան
0 Comments
Leave a Reply. |
Archives
October 2025
Categories |
RSS Feed