Հիշարժան ամառային ճամբար «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության շրջանակում2025 թվականի օգոստոս ամսին պատիվ ունեցանք ես և իմ որդին մասնակցելու «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կազմակերպված ամառային ճամբարին։ Որդիս արդեն մեկուկես տարի է մասնակցում է «HRI» անգլերենի դասընթացներին՝ որպես աշակերտ, և 2025 թվականին նա առաջին անգամ հնարավորություն ստացավ մասնակցելու այս բացառիկ ճամբարին։ Ճամբարը կազմակերպված էր բարձր մակարդակով։ Ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամը և օրն անմոռանալի դարձան թե՛ ինձ, թե՛ որդուս, և թե՛ ճամբարի մյուս բոլոր մասնակիցների համար։ Յուրաքանչյուր պահը լցված էր ուրախությամբ, ժպիտով և հիացմունքով։ Մենք ծանոթացանք շատ նոր մարդկանց և երեխաների հետ, որոնց աչքերում միայն սեր ու բարիք կար։ Երեխաները, հատկապես սահմանամերձ բնակավայրերից ժամանածները, կարողացան միավորվել մի հարթակում, որտեղ իշխում էին համերաշխությունն ու ընկերությունը։ Ճամբարի ընթացքում անցկացվում էին ուսուցողական դասընթացներ, որոնք ոչ միայն հետաքրքիր էին, այլ նաև գործնական նշանակություն ունեին երեխաների ապագա կյանքի համար։ Դասերը նպաստեցին երեխաների մտածողության զարգացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը։ Հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել ճամբարի բոլոր կազմակերպիչներին, նախաձեռնողներին, ինչպես նաև դասավանդող ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական մոտեցման, հոգատարության և մեծ նվիրումի համար։ Բոլոր ուսուցիչները փորձառու էին, և նրանց շնորհիվ երեխաները կարողացան ստանալ ոչ միայն գիտելիքներ, այլև՝ ջերմ հիշողություններ։ Իմ որդին ձեռք բերեց շատ նոր ընկերներ և վերապրեց բազմաթիվ հիշարժան պահեր։ Նա ամրապնդեց նաև կապերը այն ընկերների հետ, որոնց հետ մինչ այդ սահմանափակ շփում ուներ։ Կարող եմ վստահ ասել, որ այս ճամբարը եզակի էր իր տեսակով և մեծ ազդեցություն ունեցավ թե՛ երեխաների, թե՛ ծնողների վրա։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ժամանակ և ուժ չեն խնայել այս ճամբարը կազմակերպելու համար։ Ձեր աշխատանքը գնահատելի է։ Դուք մեզ պարգևեցիք անմոռանալի ամառ և գեղեցիկ հիշողություններ, որոնք երկար ժամանակ կմնան մեր սրտերում։ Անահիտ Սարգսյան
0 Comments
Leave a Reply. |
Archives
October 2025
Categories |
RSS Feed